00:00:00

Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը

22:31, 06 փետրվար 2026 Հասարակություն

Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված  զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարակից ելույթում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է առաջարկվող նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել  փոփոխություններին:

«Ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը  մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման: Շատ կարևոր եմ համարում: Խնդրում  եմ կողմ քվեարկել, քանի որ սա մեզ օգնելու է, որպեսզի ստվարանան մեր շարքերը երիտասարդ պայմանագրայիններով: Մարդիկ, որոնք ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը»,- եզրափակիչ ելույթում ասել է նախարարը:

Փետրվարի 6-ին քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Հանձնաժողովը նաև երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նախաձեռնությամբ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նախագծի ընդունումը, կոչ է արել կողմ քվեարկել:

Կառավարությունը չի առարկում նախաձեռնության ընդունմանը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր