Շվեյցարական Nestlé ընկերության արտադրած խնդրահարույց մանկական սնունդ չի ներկրվել Հայաստան: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Nestlé-ի վերաբերյալ վերահսկողությունը շատ խիստ է ոչ միայն տեսչական մարմնի, այլև ուժային կառույցների կողմից: Եթե չեմ սխալվում՝ նամակ ենք ունեցել նաև Քննչական կոմիտեից: Այս հարցը շատ խիստ է վերահսկվում: Հայաստանում չենք ունեցել այն խմբաքանակը, որը եղել է խնդրով: Ստուգել ենք, նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք պահպանել ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Գործարանը հետ է կանչում իր արտադրանքը, ամբողջ խմբաքանակը հավաքվելու է այստեղի ներկայացուցչի մոտ, արդեն հավաքվածը ֆիքսել ենք: Իրենք շատ բարեխիղճ ձևով այդ ապրանքը հետ են հավաքել և, կարծում եմ, որևէ խնդիր չի լինի: Հայաստանում իրենց ներկայացուցչությունը վերադարձնում է ապրանքը հետ հանձնած գնորդների գումարները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր մանկական սննդի մի քանի խմբաքանակ՝ ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները, 25 երկրից հետ կանչելու մասին՝ դրանցում տոքսինի հնարավոր առկայության պատճառով, որն առաջացնում է սրտխառնոց և փսխում: