Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝
- Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
- «Ռադիո պռո» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
- «Լայքնետ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
- «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
- «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 72 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «Լայքնետ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 73 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 74 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հաջորդիվ Հանձնաժողովը բավարարեց «Ռադիո պռո», «Լայքնետ» և «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-երի հայտերը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց ընկերություններին տրամադրած լիցենզիաները:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների պահանջները։ Տվյալ վարույթը վերաբերում էր 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ին տուգանել 1.200․000 ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժի եռապատիկը)։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Լայքնետ» ՍՊԸ-ի կատարած իրավախախտմանը։ Ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքերի վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր։ ՀՌՀ-ն վերջինիս հանդեպ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 115․064 ՀՀ դրամով:
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ից պահանջել է ներկայացնել «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի 2025թ․ նոյեմբերի 5-7-ի ձայնագրությունները։ Սակայն, Ընկերության ուղարկած էլեկտրոնային գրության մեջ առկա նիշքերը (ֆայլերը) ամբողջությամբ չեն ներառել պահանջված ժամանակահատվածի ձայնագրությունները։ Հանձնաժողովն Ընկերությանը տուգանել է 300․000 ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված տույժ):
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։