2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ պարգևավճարների վերաբերյալ հարցին:
«Մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիային: Այս որոշման արդյունքում ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը ձգտելու է 0-ի, և սա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է»,- նշեց նա:
Խոսելով աղքատության մասին՝ Փաշինյանը նշեց, որ դրանով ուժեղացնում են աղքատության վերահսկմամբ զբաղվող համակարգը: «Որովհետև պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը: Սա ներդրում է՝ այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաև արտաքին պարտքին՝ ասելով. «ՀՀ-ում 53 հազար ընտանիք ձեռք է բերել հիփոթեքային վարկով բնակարան: Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել:
Եկեք գնանք ցանկացած քաղաքացու գործը նայենք, իրեն հարցնենք. իր պարտքը տասնապատկվել է, բա այդ մարդկանց ընտանիքները ինչո՞ւ չեն «հրաժարական» տալիս, իրենք իրենց ընտանիքի դե՞մ են գործել: Բոլոր նրանք, ովքեր վարկով տուն են ձեռք բերել, իրենց եկամուտները աճել են: Իրենք գիտեն, որ իրենց տուն ձեռք բերելը իրենց հասանելի է: Բայց իրենք իրենց 40 տարվա ծախսը չեն ուզում անել միանգամից, անում են կտոր-կտոր: Ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա կարևոր և անբաժանելի բան է»: