ԵՄ բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, խնդրահարույց չէ։ Կարող ենք ողջունել և շնորհակալություն հայտնել. ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից հնչող հայտարարություններին։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները մանիպուլացվել են հայտնի շրջանակների կողմից։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական և հասարակական կյանքի առօրյայի մասը։
Նախարարի կանխատեսմամբ՝ առաջիկա 5-6 ամիսներին մանիպուլյացիաները շատ են լինելու։
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, Միրզոյանը նշեց, որ թուրք պաշտոնակցի հայտարարությունն աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարությանը։
«Ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է այդ գործընթացների նկատմամբ: Խրախուսանք կամ կոչ էր ուղղված ՀՀ-ին և Ադրբեջանին: Վատ բան կա՞ այստեղ: Ոչ:
ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել: Ճաշակի հարց է: Հաշվի առնելով մեր որոշ ընդդիմադիր քաղաքական շրջանակների արտաքին քաղաքականությունը ճաշակի հարց է»,- արձագանքեց Միրզոյանը:
Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ արտաքին գերատեսչության ղեկավարը արձանագրեց, որ որպես քաղաքական օրակարգի մաս իրականացվում են երկու առանձին կարգավորման գործընթացներ, և երկուսում էլ կան շոշափելի հաջողություններ։
«Ասում ենք, որ սրանք մեկը մյուսով պայմանավորված չեն, բայց օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի»,– նշեց նախարարը։