00:00:00

Երբ մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, իսկ հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն է

21:52, 20 հունվար 2026 Քաղաքականություն

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին. այսպես է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը բնորոշել այն մրցանակը, որին արժանացրել են ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Իլհամ Ալիևին։

 

«Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։

 

Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։

 

Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։

 

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։

 

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։

 

Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։

 

Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։

 

Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։

 

Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։

 

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման»,- սոցցանցի իր էջում գրել է Սուրենյանցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր