ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում կանցկացնի համաշխարհային բիզնեսի առաջնորդների հետ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գործարար շրջանակների աղբյուրներին:
Սպասվում է, որ Թրամփի այցը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին: Այդ օրը նա ֆորումի ժամանակ հանդես կգա նաև առանձին ելույթով, որից հետո տեղի կունենա ընդունելություն, որին ներկա կլինեն, մասնավորապես, ֆինանսական հատվածի, կրիպտոինդուստրիայի և քոնսալթինգի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենները:
Գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան առաջնորդի հետ հանդիպման հրավերներն ուղարկել է Սպիտակ տունը: Ընդ որում, հանդիպման մանրամասն օրակարգը և մասնակիցների ցուցակը չեն հրապարակվում:
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումն անցկացվում է հունվարի 19-ից 23-ը։ Մասնակիցների թվում են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, էկոնոմիկայի և ֆինանսների 55 նախարարներ, ինչպես նաև ավելի քան 800 թոփ-մենեջերներ։
Ավելի վաղ, ինչպես հայտնում էր Financial Times-ը, արևմտյան լիդերների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները փոփոխություններ են կատարել ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ծրագրում՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սկզբնապես նախատեսվում է նաև Ուկրաինայի հակամարտության քննարկումը։