Այն, ինչը երկար ժամանակ համարվում էր անիրատեսական, հանկարծակի դարձել է իրական հնարավորություն. Ֆրանսիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից: Առաջին անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովն իր օրակարգում ունի այս քայլին կոչ անող կոնկրետ խորհրդարանական նախաձեռնություն, հաղորդում է Berliner Zeitung-ը։
Նախաձեռնողը Ազգային ժողովի փոխնախագահ և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցության անդամ Կլեմանս Գետտեն է։ Նրա բանաձևը պահանջում է խզել կապերը արևմտյան ռազմական դաշինքի հետ, ինչը քննադատության ալիք է բարձրացնում ԱՄՆ-ի դերի, ՆԱՏՕ-ի ապագայի և եվրոպական անվտանգության քաղաքականության ուղղվածության վերաբերյալ աճող կասկածների ժամանակաշրջանում:
ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալը վաղուց եղել է «Անհնազանդ Ֆրանսիայի» դիրքորոշումը, պարզաբանել է Գետտեն Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։ Սակայն քննարկումը նոր արդիականություն է ձեռք բերել «Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտակցված որոշման շնորհիվ, ըստ որի պետք է պաշտոնապես վերադառնալ բացահայտ կայսերական քաղաքականությանը»: Այս քաղաքականությունը, նրա խոսքով, բացահայտորեն արդարացված է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ։
Ի հաստատումն իր դիրքորոշման՝ Գետտեն բերում է մի շարք կոնկրետ օրինակներ՝ «Վենեսուելայի նախագահի ապօրինի առևանգումը» և այլ ինքնիշխան պետությունների հասցեին սպառանլիքները, Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքները, եվրոպացի այն պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները, ովքեր պնդում են ամերիկյան թվային կորպորացիաների գործունեության կարգավորումը և «գիշատիչ առևտրային համաձայնագրերը», որոնք ճնշման տակ պարտադրվել են Եվրոպական միությանը։
Բացի այդ, Գետտեն մատնանշում է ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում առաջ քաշված պահանջը՝ համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսը ծախսել պաշտպանության վրա։ Սրանք ծախսեր են, որոնք առաջին հերթին օգուտ են բերում ամերիկյան զենքի արդյունաբերությանը և իրականացվում են եվրոպական անկախության հաշվին։ Նա նաև թվարկում է եվրոպական ընտրություններին բացահայտորեն կազմակերպված միջամտությունը՝ հօգուտ ծայրահեղ աջերի։
Ըստ Գետտեի՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը «պաշտոնապես հրաժարվում է միջազգային իրավունքից և հավաքական անվտանգության մեխանիզմներից» և փաստացիորեն ԵՄ-ին շնորհում է վասալային պետության կարգավիճակ։ Խիստ անհրաժեշտ է ընդունել սա և «Միացյալ Նահանգներն այլևս չդիտարկել որպես դաշնակից»։
Այս իրավիճակում Ֆրանսիայի մնալը մի ռազմական դաշինքում, որը գլխավորում է միջազգային իրավունքի շրջանակներից բացահայտորեն դուրս եկող տերությունը, ո՛չ ցանկալի է, ո՛չ էլ կայուն», - հարցազրույցում հայտարարել է Գետտեն: Նման անդամակցությունը Ֆրանսիան ենթարկում է ռազմավարական հարմարվողականության զգալի ռիսկի և կարող է երկիրը ներքաշել հակամարտությունների մեջ, որոնք հակասում են նրա շահերին, սկզբունքներին և միջազգային պարտավորություններին:
ՆԱՏՕ-ից դուրս գալը թույլ կտա Ֆրանսիային «վերականգնել իր ռազմական ու դիվանագիտական անկախությունը և կրկին դառնալ չմիացած տերություն», պարզաբանում է Գետտեն: Միջուկային զսպման շնորհիվ Ֆրանսիան ներկայումս միջոցներ ունի՝ իր տարածքն ու բնակչությունն ինքնուրույն պաշտպանելու համար, հավելել է նա։