Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, ՛՛որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց՛՛:
Ըստ Զախարովայի՝ դա ընդամենը լրագրողի կարծիք է: ՛՛Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով, և նա չի արել հայտարարություն, այլ իր անձնական կարծիքը ձևակերպել է հարցի տեսքով՛՛,-նշել է նա:
Զախարովան հավելել է, որ այդ մեկնաբանությունները հետագայում ներկայացվել են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչն անընդունելի է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից, և այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է տարբեր հանդիպումներում և հարթակներում:
՛՛Մենք պարբերաբար երկխոսություն ենք վարում հետխորհրդային տարածքում գործող տարբեր կառույցների միջոցով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը: Մեր երկիրը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության և համագործակցության հարաբերությունները՛՛,-ասել է Զախարովան և կոչ արել չտրվել սադրանքների: