00:00:00

Պետք է դուրս գալ հակամարտության տրամաբանությունից, նոր ժամանակներ են բացվում, 35 տարի չենք իմացել, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ. Նիկոլ Փաշինյան

11:31, 15 հունվար 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից հաստատված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության նշանակությունը պետք է գնահատել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն ու սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապարշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ հայտարարության իմաստն ու գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է։

«Այն այլևս գործնական իրականություն ու իրողություն է։ Մեզ անհրաժեշտ է, որ խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»,- ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը որպես պետություն ու ժողովուրդը որպես հանրություն չի իմացել, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ։

«Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք։ Շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել, իսկ հիմա տրամաբանությունը փոխվում է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ահռելի գործնական աշխատանք կա, պետք է հնարավորինս արագ գործողություններ անել։

«Նախ՝ պետք է գործողությունները դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, նախագծերի շուրջ սկսենք աշխատել, մասնավորապես, TRIPP անունով ընկերություն պետք է ստեղծվի Հայաստանում, պետք է երթուղիները որոշենք, կարծում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվել»,- ընդգծեց նա։

Փաշինյանը նշեց, թե պետք է դուրս գալ հակամարտության տրամաբանությունից ու մտնել խաղաղությանը հարիր տրամաբանության մեջ։

«Նոր ժամանակներ են բացվում, ու այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի ու առավել արդյունավետ աշխատենք այս պատմական ու  շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար, Հայաստանի ու նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության ու բարօրության համար», - հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր