Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դուրս գալով Նորք-Մարաշ բժշկական կենտրոնից, որտեղ այսօր տեղափոխվել է Բաքվի գերությունից վերադարձա Վագիֆ Խաչատրյանը:
Նախարարը, մասնավորապես, նշեց. «Այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։ Գիտենք, որ նա ուներ սրտային քրոնիկ վիճակ, այդպիսով մենք պետք է նաև հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմն արդեն հետագա բուժման ընթացքի մասին որոշում կկայացնի»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում:
«Կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու։ Այս պահին ամեն ինչ լավ է։ Այս պահին նա նորմալ վիճակում է։ Ասել է՝ որ Հայաստանում եմ՝ լավ եմ։ Բոլորը անհրաժեշտ հետազոտությունը, մասնագիտական խորհրդատվությունը կստանան, եթե կլինի կարիք հետագա բուժման հետ կապված, ապա ընթացիկ կկազմակերպենք։ Նրանց վիճակը բավարար է, որևէ լուրջ խնդիր չունեն»,-վերադարձած մյուս գերիների մասին ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ընդամենը ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»: