Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։
«Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30:
Սուրբ Պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը: Մաղթում ենք հավատավոր մեր ժողովրդին շնորհառատ օրհնություններ և աղոթական տրամադրություն, որպեսզի նման զազրելի իրողություններն այլևս տեղ չգտնեն մեր կյանքում ու ձեր աղոթքների շնորհիվ մեր եկեղեցու և հայրենիքի մեջ հաստատվի Քրիստոսի խաղաղությունը»,-ասված է հայտարարության մեջ։