Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Այն, ինչ ասվում է, սուտ է ու զրպարտություն»,- նշեց Հայր Սուրբը։
Ինչ վերաբերում է ռուս ուղղափառ եկեղեցուն ինչ-որ բան նվիրելուն՝ Հայր Ասողիկն ասաց, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներն իրար մասունքներ նվիրել են, նվիրում ու նվիրելու են։
«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, որևէ մեկն այդտեղ անելիք չունի, եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և ինչպես է այդ ամենի արդյունքում անխաթար մնում սրբությունը, որն առաջին դարից պահվել է հայոց աշխարհում»,- նշեց Հայր Ասողիկը։
Հայր Սուրբն ասաց, որ նվիրել են միայն Սուրբ Գեղարդի մանրակերտը։
«Նման մանրակերտ կարող եք գնել եկեղեցու տարածքում ցանկացած հուշանվերային խանութում»,- հավելեց Հայր Սուրբը։
Հայր Ասողիկի խոսքով՝ մանրակերտը, որը նվիրվել է, չի խաթարել Գեղարդի ամբողջականությունն ու պատմական տեսքը։
Հայր Սուրբը նշեց, որ մանրակերտը նվիրվել է ռուս ուղղափառ եկեղեցու պետին՝ Ալեքսի Պատրիարքին՝ նրա ծննդյան 75-ամյակի առիթով։
«Այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոնստանդին և Սուրբ Հեղինե մենաստանում»,- մանրամասնեց Հայր Սուրբը։