Տեր Տրդատ քահանա Օհանյանը վերահաստատում է իր անմնացորդ, աներկբա և անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Եկեղեցու ճշմարիտ հավատացյալ հայորդիներին, հավատրմությունը Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իր ուխտին և որդիական խոնարհումը առաքելական հաջորդականության կրող և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
«Վերահաստատում կոչման և ուխտի, որի կարիքը և անհրաժեշտությունը երբեք չպետք է առաջանար, քանի որ ամեն մի քահանայի, ինչու չէ, նաև հավատացյալի կոչման և ուխտի անբաժան մասն է իր հավատարմությունը Մայր Եկեղեցուն, սրբազան ավանդությանը, կանոններին և այդ կանոնների համաձայն ընտրված Հովվապետին: Միանալով իրենց կոչմանը և ուխտին հավատարիմ հոգևոր եղբայրներիս՝ ես՝ Տ. Տրդատ Քհն. Օհանյանս, վերահաստատում եմ իմ անմնացորդ, աներկբա և անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Եկեղեցու ճշմարիտ հավատացյալ հայորդիներին, հավատրմությունը Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իմ ուխտին և որդիական խոնարհումը առաքելական հաջորդականության կրող և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Միանշանակ դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու բոլոր կործանարար գործընթացներին: Այս վերահաստատումը աղաղակ է ուղղված շատերին՝ «Ետևս գնա, սատանա՛» :
Մենք ուրախությամբ իրար «Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ» փրկարար ավետիսը փոխանցելու փոխարեն, որոշ «բարեփոխիչ ուՂտավորների» պատճառով ստիպված ենք մտնել իրենց իսկ հաստատած չափանիշներով սևի կամ սպիտակի մեջ: Ո՛չ, ես հրաժարվում եմ իրենց սահմանած այդ և մյուս բոլոր բաժանումներից: Ինձ համար մեր ազգի մեջ չկա սև և սպիտակ: Ես պատկանում եմ իմ Մայր Եկեղեցուն և տառապյալ, սակայն վերազարթոնքի և միասնության հույսը երբեք չկորցրած, միշտ պայքարող աշխարհասփյուռ հայ ազգին: Ես մի կաթիլ Սուրբ Մյուռոնն եմ Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցու և մի բուռ հողն եմ մեր նահատակ սրբերի ու անմահ հերոսների արյամբ սրբացած հայրենիքի: Ինձ համար չկան սևեր և սպիտակներ: Բոլորս էլ Սուրբ Մյուռոնով դրոշմված զավակներն ենք Մայր Եկեղեցու և սրբացած հայրենիքի: Բոլորս էլ եղբայրներ և քույրեր ենք Քրիստոսով և մեր ազգային ինքնությամբ: Տարբերությունն այն է, որ կան մոլորյալներ, ուխտադրուժներ և հավատարիմներ, անզգամներ և պարկեշտներ, ոխակալներ և անոխակալներ, մեղքի ու չարի գերիներ և զղջացողներ, դավաճաններ և նվիրյալներ, կործանողներ և կառուցողներ, խավարասերներ և լույսի որդիներ, «ես»-ը պաշտողներ և «մենք»-ը գովերգողներ...: Պետք է ընդամենը աղոթել բոլորի համար և չգայթակղվել: Պողոս առաքյալի «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա. Կոր 14:33) այս խոսքերը թող մեզ օգնեն տեսնելու և մերժելու պառակտման և կործանման տանող ճանապարհները:
Սիրելի՛ հավատավոր քույերեր և եղբայրներ, խոնարհաբար խնդրում եմ, եկեք չչարանանք մոլորյալների և մեկս մյուսի նկատմամբ, այլ չարությանը պատասխանենք բարությամբ, թշնամանքին՝ խաղաղությամբ, հայհոյախոս բերաններին՝ աղոթքով, պառակտմանը՝ միասնությամբ և ամեն ինչում փնտրենք մեր հայրենիքի, ազգի և Մայր Եկեղեցու հզորացումը և միասնությունը:
Անկախ ամեն ինչից հիշենք, որ մեկ փոքրիկ ազգ ենք, և մեր փրկությունը մեր միասնության մեջ է: Չմոռանալով Ապաշխարհության Սուրբ Խորհուրդը ՝ աղոթենք, որ Աստված իմաստություն տա բոլոր մոլորյալներին, որպեսզի անկեղծ զղջումով և ապաշխարությամբ վերադառնան իրենց Մայր Եկեղեցու կանոններին և իրենց ուխտին: Եւ հիշենք, որ Եկեղեցու ինքնամաքրումը և բարեփոխումը միշտ եղել և շարունակում է լինել արդիական և այն չդադարող գործընթաց է, որը կատարվում է Աստծու օրհնությամբ և բացառապես եկեղեցու ներսում ՝ ըստ հաստատված կանոնների:
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»,- գրել է Տեր Տրդատը։