00:00:00

Փաշինյանի հրավիրած ուխտերթից առաջ տարհանել են քաղաքացիների մեքենաները. ինչ է կատարվել

12:53, 06 հունվար 2026 Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա հրավիրած ուխտերթով պայմանավորված, որը մեկնարկելու է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, վաղ առավոտից ոստիկանները իրականացրել են տարհանման աշխատանքներ: Մասնավորապես Irakanum.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ առավոտյան պարզել են, որ իրենց մեքենաները «գողացել» են: Ամբողջ Սայաթ- Նովա և Ալեք Մանուկյան փողոցներում կանգառած ավտոմեքենաները պարեկայինի աշխատողները հեռացրել են: «Իմ մեքենան օրինական վայրում կանգնած է եղել, առավոտյան սակայն արդեն չկար: Հիմա ես շտապ պետք է ծնողիս հիվանդանոց տեղափոխեմ, բայց իմ մեքենան տեղում չէ: Ինչ-որ զանգ էր եկել, որին չեմ պատասխանել, հետո նույն համարով հետ եմ զանգել, պարզվում է պարեկայինի աշխատողի համար է, ով ասում է, թե ավտոմեքենադ տեղափոխել ենք այլ վայր»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին: Վերջինիս հարևանի մեքենան նույնպես նույն մեխանիզմով «անհետացել» է: «Այսինքն, որ Փաշինյանը որոշել է քայլել, մենք պետք է կրենք վնասներ, այդ թվում և ժամանակի, ինչ օրենքով են առանց զգուշացնելու իմ գույքը օրինական վայրից հեռացրել, ով է իրենց այդ իրավունքը տվել»,- մեր միջոցով իրավապահներին է հարցադրում անում քաղաքացին: Ավելի ուշ վարորդներից շատերը պարզել են, որ իրենց ավտոմեքենաները տեղափոխել են «Տաշիր» առևտրի կենտրոնի հարակից տարածք:

Ստացվում է, որպեսզի Փաշինյանը «տիրադավ» անունը ստացած հոգևորականների ու իր թիմակիցների հետ քայլերթ իրականացնի, ՀՀ հպարտ քաղաքացիները պետք է նեղություն կրեն, իսկ սա այն պարագայում, որ նույն այդ քաղաքացիներին Փաշինյանը քիչ է, որ շատ է սիրում (գոնե ամենօրյա սրտիկները ուղարկված դա են ցույց տալիս), մի բան էլ հպարտանում է, ու նրանց ևս համարում է վարչապետ: Բայց այս ամենը մինչ այն պահը, երբ ինքը որոշում է տեղաշարժվել երկրով, ու այս պարագայում բնավ էլ կարևոր չէ, այդ շարժը ոտքով է իրականացնում, թե տասնյակ մեքենաների ուղեկցությամբ:

Irakanum.am-ը կատարվածի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ ՆԳ նախարարությունից: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ի պատասխան մեր հարցի, թե ինչով է պայմանավորված, որ քաղաքացիների մեքենաները հեռացրել են օրինական կանգառած վայրից ասաց. «Հասարակական կարգի պահպանության միջոցառումների շրջանակում կապ է հաստատվել կայանված մեքենաների վարորդների հետ, որոնք տեղափոխել են իրենց տրանսպորտային միջոցները։ Որոշ մեքենաներ էլ տարհանվել են։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր