Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացնի երկրի նախագահ Իցհակ Հերցոգը՝ իր ներման խնդրագրի վերաբերյալ:
«Մենք դա կպարզենք շատ շուտով»,- ասել է հրեական պետության կառավարության ղեկավարը՝ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Հերցոգը կընդունի Նեթանյահուին ներում շնորհելու որոշումը:
Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործերով՝ ավելի քան 700 հազար շեկելի (213 հազար դոլար) չափով ապօրինի նվերներ, այդ թվում՝ սիգարներ և շամպայն ստանալու, իր քաղաքականությունը դրական լուսաբանելու դիմաց ԶԼՄ-ների կարգավորման հարցում խարդախության, ինչպես նաև ընկերների շահերից բխող նախագծերի առաջխաղացման նպատակով կաշառակերության մեջ: Երուսաղեմի և Թել Ավիվի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից. Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը: 2024 թվականի հունվարից նա սկսել է դատարանում ցուցմունքներ տալ:
Նոյեմբերի 30-ի առավոտյան Հերցոգի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն իր փաստաբան Ամիտ Հադադի միջոցով ներման պաշտոնական խնդրագիր է ներկայացրել: Այս դիմումը փոխանցվել է Իսրայելի արդարադատության նախարարության քննարկմանը, որից հետո այն կվերադարձվի նախագահի գրասենյակ, որն էլ կկայացնի վերջնական որոշումը՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության լիազորված աշխատակիցների կարծիքները: Kan պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ արդարադատության նախարարությունում արդեն հատուկ գործընթաց է սկսվել՝ Նեթանյահուին ներում շնորհելու վերաբերյալ տվյալների հավաքագրման և լիազորված աշխատակիցների կարծիքների վերլուծության ուղղությամբ»: