00:00:00

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ չմասնակցել 10 տիրադավների ազգադավ հավաքին. «Ջենեսիս Արմենիա»

21:50, 17 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հայտարարությունը.

«Շրջանառության մեջ է դրվել հանրային հնչեղություն ստացած 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը, որով կոչ է արվում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով։

Խստորեն դատապարտում ենք այս գործողությունը՝ այն գնահատելով որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված սադրիչ, հակապետական, հակաազգային և ապակայունացնող քայլ, ճիշտ այնպես, ինչպես գործող ապազգային վարչակարգը վարվեց ՀՀ սահմանադրական ինստիտուտների և հայության ազգային-հոգևոր կառույցների նկատմամբ՝ իշխանության գալու առաջին իսկ օրվանից:

Հայ եկեղեցին ունի սահմանադրորեն պաշտպանված հատուկ կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդված), և նրա դեմ ուղղված կազմակերպված քաղաքական ճնշումները հակասում են Սահմանադրության ոգուն և նպատակին։ Հայկական պետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Ավելին, Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրում է եկեղեցու և պետության հարաբերությունների առանձնահատկությունը՝ բացառելով պետական կամ քաղաքական ուժերի միջամտությունը Եկեղեցու ներքին կառավարման հարցերին։

Հայոց Կաթողիկոսի ընտրությունն ու հնարավոր հրաժարականը եկեղեցական բացառիկ իրավասության հարց է, ոչ թե քաղաքական փողոցային պահանջների առարկա։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, նրա պաշտոնավարման դադարեցումը կարող է տեղի ունենալ միայն նույն եկեղեցական կարգով, սահմանված կանոնական ընթացակարգերով։ Որևէ «փողոցային ակցիա», հանրահավաք կամ արտաքին ճնշում կանոնական իրավունք չունի՝ ազդելու Եկեղեցու բարձրագույն իշխանության վրա։

Գործող վարչակարգի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ ճնշում գործադրելու կոչերը հանրային կարգի և ազգային անվտանգության սպառնալիք են, քանի որ դրանք ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկի թուլացմանը, ազգային-հոգևոր ինքնության դեմ ուղղորդված վտանգավոր սցենարի շարունակությունն են։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝

չմասնակցել այս ազգադավ հավաքին,

չտրվել սադրանքներին և քաղաքական հաշվեհարդարների տրամաբանությանը,

թույլ չտալ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածվի ներքաղաքական պայքարի գործիքի։

Հայ ժողովրդի միասնությունը, պետականությունն ու հոգևոր անվտանգությունը վեր են ցանկացած քաղաքական շահից։ Եկեղեցին չի կարող և չպետք է դառնա փողոցային ճնշումների կամ իշխանական կամայականությունների զոհ։

Պի՛նդ եղեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր