2025 թվականը պատմականորեն նշանակալի դարձավ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին The Holland Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրներն օգոստոսին նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։
Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է։ Մեր նպատակն է ապահովել մեր երկրների միջև կայուն խաղաղություն, ինչին հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Դրանից հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմերի կողմից»:
Ամիրբեկովն անդրադարձել է նաև Բաքվի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: Նա ասել է, որ ներկայումս բարենպաստ պայմաններ և նոր հնարավորություններ կան՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ընդլայնման համար: