Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությույանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Վարդանյանը և Հովսեփ Սարգսյանը։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։