00:00:00

Գարեգին Բ-ն ու գերմանացի պատմաբանն անդրադարձել են համընդհանուր գործակցության կարևորությանը

17:49, 10 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։

Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։

Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր