ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտման համար են զրկվել ազատությունից, արդեն մոտ մեկ ամիս է՝ բանտում են։
«Մեդիայի դեմ ոտնձգությունների և ազատ խոսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մեկ ամիս է, ինչ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը բանտում են:
Իշխանությունն էլ գիտի, որ առաջադրված կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի, սակայն ինչ հնարավոր է, անում են:
Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում, որի հիմքում օկուպացիոն իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտումն է»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են, նրանց դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իրենց հասցեին նրա իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Սիմոնյանի հաղորդումից հետո դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք առաջադրել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
Սա Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ քաղաքական դրդապատճառներով առաջին հետապնդումը չէ, նրանք բազմիցս ճնշումների են ենթարկվել և անցյալում էլ կալանավորվել են՝ եթերում իշխանություններին քննադատելու համար։