00:00:00

«ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգում» անցանկալի և կողմնակալ դրույթներ կան, որոնք հակասում են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին. Ադրբեջանի ԱԳՆ

16:49, 09 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը ստորագրվել է 2025-ի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում՝ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո, բազմաբնույթ մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությամբ՝ փաստաթղթում մի շարք դրույթների ընդգրկումը խեղաթյուրում է հետհակամարտական իրավիճակը և հակասում է Բաքու–Երևան խաղաղության գործընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնում, որ փաստաթղթում Հայաստանի տարածք տեղափոխված, Ադրբեջանի վերաինտեգրմանը չմիացած հայ բնակիչները ներկայացվում են որպես «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածներ» և «փախստականներ», ինչը, ըստ Բաքվի, հավասարապես կողմնակալ մոտեցում է։

Ադրբեջանը նաև նկատում է, որ Միջազգային դատարանի որոշումների լիարժեք ու արագ իրականացման վերաբերյալ դրույթը փաստացի վերաբերում է Հայաստանի կողմից իրենց դեմ ներկայացված պահանջներին։ Բացի այդ, Բաքուն անընդունելի է համարում, որ ԵՄ–Հայաստան օրակարգում ներառվում են հարցեր, որոնք իր կարծիքով բացառապես երկկողմ են և վերաբերում են իրեն՝ անտեսելով Ադրբեջանի իրավական պահանջները Հայաստանի նկատմամբ։

Ընդգծվում է, որ ԵՄ փաստաթղթում նման շեշտադրումները հակասում են Վաշինգտոնում ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան ձևաչափով նախաստորագրված խաղաղության պայմանագրի տրամաբանությանը։ Այդ համատեքստում Բաքուն քննադատում է նաև դատապարտված հայազգի անձանց «գերիներ» անվանելը՝ դա որակելով որպես իրականության խեղված ներկայացում։

Ադրբեջանը մտահոգություն է հայտնում, որ ԵՄ–Հայաստան փաստաթղթում լայն տեղ է տրված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, մինչդեռ անտեսվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին համաձայնեցված «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագիծը՝ կարևոր տարածաշրջանային նշանակությամբ։

Բաքուն հարցեր է բարձրացնում նաև Հայաստանի՝ TRIPP պայմանագրով ստանձնած պարտավորությունների հանդեպ լրջության վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ի կողմից այդ նախագծին աջակցելու պատրաստակամության մասին։

Ավելին, Ադրբեջանը մտահոգիչ է համարում, որ հայկական կողմի և ԵՄ-ի համագործակցության առաջնահերթություններում շարունակում է ընդգծվել Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության ներկայության պահպանումը, ինչը, ըստ Բաքվի, հակասում է նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածին, որով կողմերը պարտավորվում են չտեղակայել երրորդ կողմի ուժեր սահմանին։

Հայտարարության մեջ ասվում է, որ նման մոտեցումները, ինչպես նաև ռազմական թեմաների ընդգծումը, նպաստում են Հայաստանի ռազմականացմանը և խաթարում վերջին ամիսներին ձեռք բերված դրական դինամիկան։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն համապատասխան քայլեր կձեռնարկեն փաստաթղթում առկա անհամարժեք դրույթները վերանայելու ուղղությամբ։ Ադրբեջանը շարունակելու է հետևել գործընթացին և անել անհրաժեշտ եզրակացություններ», – նշված է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր