Տարիներով բազմաթիվ պահերի եմ ականատես եղել, երբ Արայիկ Հարությունյանը ոչ թե ուժեղ դիրքերում էր, այլ հակառակը՝ կյանքի խաչմերուկներում կանգնած։ Եվ այդ իրավիճակներում նա միշտ ստացել է աջակցություն, հանգստություն, բարեկեցություն՝ ուրիշների շվաքի տակ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ պատճառով այսօր նրա մանիպուլյատիվ գրառումը ոչ թե զայրացնում է, այլ պարզապես հարց է ծնում․ մարդ որքան արագ կարող է մոռանալ այն ձեռքերը, որոնք իրեն կայունություն են տվել։
Հարությունյանի երեկվա «խիզախ» գրառումը քաղաքական գնահատական չէ։ Դա ինքնահաստատման անհաջող փորձ է՝ սեփական անգույն անցյալը փակելու համար։ Քամուց շարժվող համակարգի մարդիկ սովորաբար հենց այսպես են փորձում մեծ երևալ՝ բարձր ձայնով, բայց թույլ հիմնավորումներով։
Իսկ լայն պատկերը շատ պարզ է․ երբ պաշտոնական վերելքը չի կառուցվում արժանիքի վրա, այդպիսի մարդիկ ցանկացած պահի դառնում են մանիպուլյացիայի պարզ գործիք և քամուց կախված ցուցանակ։
Եվ մեկ բան ընդամենը պետք է արձանագրել․երախտամոռությունն ու սուտը երբ միանում են, արդյունքում ստացվում է ոչ թե քաղաքականություն, այլ փոքրոգիության ու մանրության աղմուկ»։
Նշենք, որ նախօրեին Արայիկ Հարությունյանը գրառում էր արել՝ անդրադառնալով «Միսնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանի տված հարցազրույցներից մեկին։ Նա, մասնավորապես, գրել էր. «Ուրեմն, Ֆակտորի եթերում Ռոբերտ Անանյանը մաստեր-կլաս արեց. տասը րոպեում Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանից, ում վերապահված է համապետական ընտրություններում Մարտուն Գրիգորյանի դերը, քարը քարին չթողեց:
Թաթոյանը հրաժարվեց ոչ լեգիտիմ նախագահ անվանել Սերժ Սարգսյանին:
Թաթոյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում իր ձայները կտա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, եթե դրա կարիքը լինի՝ փաստացի չմերժելով նման հնարավորությունը:
Անկեղծ ասած՝ այսքան արագ «վախճան» չէի սպասում:
Հ.Գ. Էն Մարտունը գոնե ընտրություններից հետո բացահայտվեց՝ փաթեթով իր ընտրողներին հանձնելով Վարդանիկին, Սերժ Սարգսյանի Թաթոյանը՝ ընտրություններից վեց ամիս առաջ»։