Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական խորհրդի նիստում հայտարարել է երկրի ժողովրդավարական ինստիտուտների դեմ համակարգված արշավի մասին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները խաթարելուն ուղղված որոշակի գործիչների կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավներով և համակարգված գործողություններով», - ասել է Բոչորիշվիլին։
Նա կարծում է, որ այս ջանքերը նպատակ ունեն «խարխլել հանրային վստահությունը, խորացնել բևեռացումը և թուլացնել պետության հիմքերը»։ Միևնույն ժամանակ, արտգործնախարարը նշում է «միջազգային կազմակերպությունների և հաստատությունների չարաշահման նման նպատակներով» իրականացված դեպքերի աճը։
«Մեր ինքնիշխանությունը խաթարելու ցանկացած փորձ, ներառյալ հիբրիդային սպառնալիքները, ապատեղեկատվությունը, (...) երկրի ներսում արմատականացման խրախուսումը, չի կարող և չի նպաստի տարածաշրջանային անվտանգությանը», - ընդգծել է նախարարը։
Բոչորիշվիլին հավելել է, որ Վրաստանում «ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությունն ու կայունության ամրապնդումը» շատ կարևոր է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում։
«Մենք կարծում ենք, որ ժողովրդավարական կառավարման պաշտպանությունն ու պահպանումը կարևոր է ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ Եվրոպայում անվտանգության և բարգավաճման համար», - նշել է նա։