Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենն ասել է, որ ԱԱԾ-ից մոտեցել են իրեն և ասել, որ պատարագ մատուցելիս պետք է զեղչել կաթողիկոսի անունը, եթե դրան վարչապետն է մասնակցում։
Դիտարկմանը, թե հանրային ռեսուրսն է չարաշահվում վարչապետի կամքը կատարելու համար, Փաշինյանն արձագանքեց.
«Ցանկացած տեղ, որտեղ վարչապետը պետք է գնա, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ և այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում՝ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, այստեղ ոչ մի նորություն չկա։ Ես իմ անվտանգության հարցն առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը»։