ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերության զարգացման հաջորդ եռամյա ծրագիրը՝ 2026–2028 թթ. համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ դրամ ֆինանսավորում։ ՊՆ-ն արդեն սկսել է բանակցությունները 30 ընկերությունների հետ, մինչդեռ գործող 2023–2025 թթ. ծրագիրը՝ 171 մլրդ դրամ ծավալով, դարձել է ազգային ռազմարդյունաբերական համալիրի առաջընթացի հիմնասյուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։