Մեր քաղաքացիների չդադարող հոսքը Հատիս լեռ, և աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցների հազարավոր դիմումները՝ Հատիս բարձրանալու և Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներում կամավորական աշխատանքներ կատարելու, ինձ մտորումների առիթ տվեցին։ Ես վաղուց ցանկանում էի ձևակերպել այս շինարարության, այս նախաձեռնության կարևորությունը։ Թույլ տվեք՝ ներկայացնել իմ պատկերացումներն ու ապրումներն այս նախագծի շուրջ՝ հուսալով, որ այն ձեզ համար ավելի ու ավելի կարևոր ու սիրելի կդառնա։
Քրիստոսի արձանը պարզապես քարե հուշարձան չէ․ դա հայտ է նոր ազգային ապագայի համար, բաց բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մտածել երկրի, ոչ թե տարաձայնությունների մասին։
Սա նոր ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է։
Այն ձևավորվում է որպես համաժողովրդական նոր խորհրդանիշ, որը ծնվում է հայ ժողովրդի համար ամենածանր փորձությունների պահին։ Այն կոչված է դառնալու հայության հոգևոր և քաղաքացիական համախմբման կետ, որը զորացնում է հավատը, վերականգնում է արժանապատվությունը և ձևակերպում է Հայաստանի ուղին։