Տավուշի մարզի Բերդ քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները պատահաբար վաղբրոնզեդարյան դամբարան են հայտնաբերել։ Անմիջապես դիմել են քաղաքի պատմության և կենցաղի թանգարան։ Մեկնարկած հրատապ պեղումների արդյունքում 10-ից ավելի խեցանոթներ և կենդանիների բազմաթիվ ոսկորներ են գտնվել։ Պեղող հնագետ Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝ գտնված խեցանոթները գունազարդված ու նկարազարդված ջրամաններ են։
«Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- նշում է Աշոտ Փիլիպոսյանը:
Հնագետների գնահատմամբ՝ գտածոները մոտ 4000 տարեկան են։ Նախնական տվյալներով` գործ ունենք 2-րդ հազարամյակի, այսինքն՝ ք․ա․ 20-19-րդ դարերի գտածոների հետ։
Հիմնահողային դամբարանում մարդկային ոսկորներ չեն հայտնաբերվել։ Փիլիպոսյանի խոսքով՝ բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, որովհետև այդ շրջանում տարածված էր դիակիզումը։ Այս դամբարանում մոտ 25 սմ հաստությամբ մոխրաշերտ է հայտնաբերվել, ինչը ևս դիակիզման մասին է խոսում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։