00:00:00

Հայկական կողմը Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից սադրիչ հռետորաբանությամբ բառակազմի կիրառման հարցը

17:51, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում ենք, ինչը բավականին բարդ է՝ նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ամբողջ զգայական շերտերը, և, բնականաբար, մենք էլ քաջ գիտակցում ենք, որ գործընթացը բարդ է: Այս մասին Բաքվից վերադառնալուց հետո այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը:

Ներկայացնելով հանդիպումների ժամանակ քննարկված թեմաները՝ նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակություններն իրենց մաշկի վրա զգան խաղաղության կամ հաստատված խաղաղության (ինչպես հայտարարվում է) օգուտները և արդյունքները: Բանակցություններ են ընթանում նաև այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը: Դրանցից է, օրինակ, ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն՝ խնդրահարույց հռետորաբանությամբ բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրի: Վերջին նման օրինակն «Ազերթաջ»-ի ռուսալեզու հրապարակումն էր, որտեղ Երևանն «Իրիվան» էր գրվել: Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց:

Ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ, այո՛, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության և տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաև կարգավորման գործընթացի վրա: Նույն «Ազերթաջ»-ի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն ադրբեջանական խմբագրակազմի հետ»:

Մինասյանի խոսքով՝ նման փոքր արդյունքները կարևոր են առաջ շարժվելու և փոխվստահության մթնոլորտ կառուցելու համար:

Նա նաև կարծիք հայտնեց, թե նման երկխոսությունները հիմք են ստեղծում, որպեսզի երկուստեք պարտավորություններ լինեն խաղաղության գործընթացում, ինչպես նաև այն, որ խաղաղության գործընթացի ներդրումներից մեկը կարող է դառնալ հումանիտար խնդիրների և հատկապես հայ ռազմագերիների վերադարձի լուծումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր