00:00:00

Փորձեք հասկանալ տրամադրությունները ՌԴ–ում և լուծել հարցը. բեռնափոխադրողների խնդրի մասին ԱԳ նախարարի առաջարկը Գառնիկ Դանիելյանին

17:55, 27 հոկտեմբեր 2025 Տեսանյութեր

Այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց, թե՝ եթե Միրզոյանը հայտարարում է, որ ՀՀ-ի հարաբերությունները Վրաստանի հետ լավ են, ապա ինչու Վրաստանի տարածքում այսօր մեր բեռնափոխադրողները խնդիրների են բախվում սահմանին և ստիպված են իրենք լուծել իրենց խնդիրները՝ գումարի դիմաց:

«Այդ փայլուն հարաբերությունների շրջանակներում ինչու չեք կարողանում այդ հարցը լուծել, որ մեր և բեռնափոխադրողները, և ուղևորափոխադրողները այս խնդրի առջև չկանգնեն։ Այդ խայտառակությունը երբ պիտի վերանա»,–նշեց Դանիելյանը։

Նա խոսեց նաև ՌԴ–ում հայկական բեռնատարների վարորդների խնդրին. «Մեր բեռնափոխադրողների համար ՌԴ–ում 90-օրյա ժամկետ է սահմանվել, որի արդյունքում հարյուրավոր վարորդներ դեպորտացիայի են ենթարկվել, այսօր չեն կարողանում սահմանը հատել։ Ոնց հասկանում եմ այս հարցի վերաբերյալ էլի որևէ մի դրական դրական ազդակներ կա՞ն։ Դա մեր տնտեսության վրա հսկայական մի հարված է հասնում, և ի վերջո այդ մարդիկ ակնկալում են նաև ձեր պատասխանները»։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Եթե կարծում եք, որ տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն 90 օր սահմանափակումը փոխելու մեր գործադրած ջանքերը բավարար չեն, ես կարծում եմ, որ եթե ոչ անձամբ Դուք, ապա ձեր գործընկերները շատ սերտ հարաբերություններ ունեք նույն ՌԴ–ի հետ, ՌԴ խորհրդարանական գործիչների հետ, ի՞նչն է ձեզ խանգարում, փորձեք ինքներդ հասկանալ, թե ինչպիսի՞ն են տրամադրությունները այն կողմում։ Հա՛մ մեր քաղաքացիների շահերը կհետապնդեք, հա՛մ արտաքին քաղաքական ուղղությամբ ակտիվ կլինեք, հա՛մ էլ մեզ կասեք, թե ինչ են այդ մասին, օրինակ, այնտեղ մտածում։ Ես սա ասում եմ՝ իմանալով մեր ջանքերը, որ մենք անում ենք։ Մի քանի ամսից ընտրություն է, առաջարկեք մարդկանց, տեսնենք իրենք ինչ կպատասխանեն»։

Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց. «Ես հասկացա, որ և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ այս կնճռոտ հարցերով ես պիտի զբաղվեմ։ Դե վաղվանից փորձեմ մի հատ զանգեմ իրենց արտգործնախարարին, տեսնեմ՝ ոնց եմ այդ հարցերը կարգավորում։

Իսկ եթե լուրջ, մեր հայրենակիցներից իրապես հազարավոր մարդիկ ստիպված են լինում գումարի դիմաց իրենց տեղաշարժը ապահովել։ Սա խայտառակություն է։ Եվ դրանով պայմանավորված նաև մեր տնտեսությունը տուժում է։ Նույն կոնյակ արտադրողների հետ կապված, նույն ծաղիկ արտահանողների հետ կապված, հեղուկ գազ մուծելու հետ կապված։ ես կարող եմ այդպես ժամերով խոսել այդ պրոբլեմներից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, 90 օրը պիտի առհասարակ այդ մարդկանցից հանվի, որովհետև այդ մարդիկ մեկ ամսից ավել մենակ հերթի մեջ են կանգնում։ Իրենք չպիտի դասվեն մնացած աշխատողներ հետ նույն շարքում։ Իրենք բեռնափոխադրողներ են և բոլոր միջազգային կոնվենցիաներով բեռնափոխադրողներին այդպես պիտի ժամկետ չհաշվեն։

Այդ հարցը պիտի շատ արագ լուծվի, որովհետև ամեն օր հարյուրավոր այդպես արտաքսման դեպքերի ենք ականատես լինում։ Արդեն բեռնատարի վարորդ չի մնալու Հայաստան, որ կարողանա բեռնափոխադրումներ իրականացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր