ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 267 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 120 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 8 դեպք, որի հետեւանքով տուժել է 12, զոհվել` 1 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: