Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա, ԱԺ-ում այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- նշել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» վերաբերյալ (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին:
Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։