Արմեն Մուրադյանը ֆեյսբուքում գրում է․
Համեցեք՝ հասցեն անփոփոխ՝ Զինվորի տուն
Զինվորի տանը բացեցինք նոր ճաշարանը և Մշակույթի Տանիքը... Մշակույթի Տանիքում զինհաշմանդամները կհյուրընկալեն տարբեր երգիչների, դերասանների… Զինվորի տանը հաճախ են կազմակերպվում համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ: Պարզապես այդ բոլոր միջոցառումներն այսուհետև կունենան ավելի հստակ հասցե՝ Զինվորի տուն, Մշակույթի Տանիք: Զինվորի տանը բուժվող տղաները օրը 3 անգամ, տեղում թարմ պատրաստված ճաշատեսակներով անվճար կսնվեն: Զինվորի տունը նախկինում նույնպես ապահովում էր տղաների ամենօրյա անվճար սնունդը, սակայն հին ճաշարանը բավականին փոքր էր և շահառուների ավելացմանը զուգահեռ առաջացավ կարիք՝ ավելի մեծ ճաշարան ունենալու: Զինվորի տան նոր ճաշարանի ողջ կահավորումը և տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև Մշակույթի Տանիքի կառուցումն իրականացվել են Միացյալ Նահանգներում գործող Ընտանիքի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան: Ճաշարանի կառուցումն իրականացվել էր այլ գործընկերոջ աջակցությամբ: FRF-Ընտանիքի աջակցության հիմնադրամը Զինվորի տան կողքին է ստեղծման օրից: Այս հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տունն իրականացրել է բազմաթիվ առողջապահական, սոցիալական և մշակութային ծրագրեր: