Պետությունը որևէ լումա ծախսե՞լ է Մայր տաճարի վերակառուցման համար։ Հեշտ է թիրախավորել ինչ-որ մեկին՝ մանավանդ շահարկելով նկարի պատմությունը։ Մայր Տաճարի զանգակատունը, որն իր ոճի մեջ շքեղ ճարտարապետական կառուցվածք ունի՝ ի տարբերություն Մայր Տաճարի բուն մասի, որը պարզ կառույց է, 17-րդ դարում է վեր խոյացել։ Ճակատին գիտեք ո՞ւմ դիմապատկերն է, բարերարի՝ Անտոն չելեբի, բայց որևիցե մեկը չի ասում՝ Մայր Տաճարի զանգակատան վրա այս ում դիմապատկերն է, որովհետև այդ բարերարը այլևս չի ապրում և մրցակից չէ մեզ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Մյուս կարևոր բանը՝ «Ռուբեն Սևակ» թանգարանը կա Մայր Աթոռում, որի հենց մուտքին այդ ամբողջ հավաքածուն նվիրատված ընտանիքի, ամուսինների դիմանկարներն են փակցված, մի անգամ դուք որևիցե շահարկում լսե՞լ եք այդ առումով, որևէ անդրադարձ լսե՞լ եք՝ ոչ։ Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որն ինքն է հովանավորել, ընդ որում, ոչ թե Տաճարի, այլ պարզապես Վեհարանի շենքն է, այն էլ Վեհարանի հետ այնքանով կապ ունի, որ այդ շենքի մի մասն է, բայց դա էլ է թանգարանային հատված»,- ասաց Հայր Ռուբենը։
Անդրադառնալով Աննա Հակոբյանի կրթական արշավին, նրա կողմից տարածվող նարատիվը, թե «հայ Եկեղեցի-հայ վաճառական կապը կործանեց հայոց պետականությունը»՝ Հայր Ռուբենը պատասխանեց՝ ընդգծելով․ «Ովքե՞ր են կարծիք հայտնում և, օգտագործելով իրենց լայն ազդեցությունը հասարակական մտքի և գաղափարի մտայնության վրա, փորձում իրենց գաղափարախոսությունը տարածել։ Նրանք, ովքեր չունեն ակադեմիական կրթություն, ովքեր մասնագետ չեն և խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասնագետը չեն։ Եթե այդ միտքն արտահայտել որևիցե պատմաբան, ես կփորձեի գոնե բանավիճել, հիմա այն հարցը, որ դուք տալիս եք ինձ, ես ինչպե՞ս բանավիճեմ, մանավանդ որ նա իմ առջև էլ կանգնած չէ, որ ես բանավիճել, հասկանո՞ւմ եք։ Ես պարզապես խորհուրդ կտամ թեմատիկ առումով լսել այն մարդկանց, որոնք ունեն ակադեմիական լուրջ կրթություն։ Այսօր կարծիքներն ու մտքերն այնքան շատ են, մորեխի պես լցվում են մեր հոգեմտավոր դաշտ, ինչ անենք, խժռում են և գիտական լուրջ հիմնավորում ունեցո փաստարկները ոչ լսելի են, ի դեպ ասեմ՝ ոչ էլ պետք է այդ կենտրոններին, որոնք ունեն ազդեցության դաշտ։ Սա միայն Հայաստանին չի վերաբերում, սա համաշխարհային երևույթ է, իրենք էլ օգտվում են։ Վարդապետին գալիս են վարդապետական դասեր են տալիս, պատմաբանին պատմության վերաբերյալ դասեր են տալիս»։
Դիտարկմանը, որ գուցե դա նրանից է, որ վարդապետները չեն կարողանում ավելի ակտիվ լինել հասարակության մեջ, եթե եկեղեցին ակտիվ լիներ, ապա այսքան մարդ չէր խոսի եկեղեցու դեմ, այսքան աղանդավոր չէր լինի՝ վարդապետն արձագանքեց՝ նշելով, որ ընդունում է բացթողումները, բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ, այսօր ՀԱՍԵ-ում որքան քահանաներ, որքան վարդապետներ կան։
«Կարծում եք՝ մենք ունե՞նք այն ռեսուրսը, որ կարող ենք բոլոր մարտահրավերներին արձագանքենք։ Բացարձակապես չունենք»,- ասաց Հայր Ռուբենը՝ նշելով, որ վերջին տարիներին և՛ Ավետարանի քարոզչությունը և վարդապետական մտքի լուսաբանումը լուրջ մակարդակի է․ «Լսու՞մ են՝ թող լսեն»։