Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը...»
Հայկական հարյուրամյա քաղաքական մտքի և 1991-ից սկսած՝ պետական մտքի ամենակարևոր հարցն է. ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հնարավոր եղավ և ի՞նչ հետևություն անել, որ չլինի այլևս երբեք։
Մենք ո´չ ազնվություն ունենք, ո´չ էլ հասունություն՝ այս ամենակարևոր հարցերին պատասխանելու։
Ցեղասպանություն տեսած ժողովուրդն ինչպե՞ս կարող էր Արցախի կորուստը թույլ տալ։ Կարսի կորուստ թույլ տված ժողովուրդը ո՞նց կարող էր հետևություն արած չլինել և ընդամենը 100 տարի անց թույլ տալ Արցախի կորուստ։
Մենք հարաճուն կորցնում ենք մեր տարածքները և հայկական բնակչությունը մեր տարածքներում։ Սա է պատմական դինամիկան։ Նման ընթացքի դեպքում ի՞նչ կլինի 50 տարվա ընթացքում, կարելի է կռահել։
Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է։ Մենք ունեինք իսկապես հաղթելու մեկ ճանապարհ՝ ստեղծել ժամանակակից, կենսունակ պետություն։ Ի՞նչ արեցինք մենք։ Մեզ մի պահ թվաց, թե միայն բանակի կամ սպառազինության շնորհիվ կլուծենք հարցերը։ Դա անլուրջ էր, գուցե՝ նորաստեղծ երկրի չհասունացած մտածողություն։
Դարերով պետություն չունեցող ժողովուրդը մի հրաշքով 20-րդ դարում անկախ պետություն է ստանում է, հաղթում է պատերազմում, իսկ հետո ազգային իդեա սարքում գրի քարտն ու ՌԴ քաղաքացիությունը։
Ի՞նչ դեֆեկտ է սա մեր մտածողության մեջ։ Ինչո՞ւ է մեր վերնախավերի, կրթված հանրության մոտ այդքան բացակայում պետական մտածողությունը։
Ո՞նց է պատահում, որ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, գործից դուրս գալուց հետո, հանգիստ արտագաղթում են։ Էդ խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը։
Ցեղասպանության 111-րդ ամյակին մենք շարունակում ենք իներցիայով կրկնել՝ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նախ՝ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն արդեն ճանաչել է, հետո՝ էդ նույնը ճանաչած աշխարհի առաջ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը և այսօր տեղի է ունենում Արցախի հայկականության ֆիզիկական ոչնչացումը։ Եվ ի՞նչ։ Եթե աշխարհի տարբեր պետություններից ու կազմակերպություններից օրը տասը ցավակցական հեռագիր գա, մենք դրանից լա՞վ ենք զգալու։ Դա, ի վերջո, նույն աշխարհն է, որ հանգիստ հետևեց թե´ Արցախի հայաթափմանը, թե´ Գազայում խաղաղ բնակչության ոչնչացմանը։
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք, որ պետությունն է անվտանգության ամենաիրական համակարգը։ Բայց՝ առողջ, ժամանակակից պետությունը։
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք մեր առանցքային ռիսկերը և դրանք չեզոքացնելու եզակի ճիշտ քայլերը։
Հայ հասարակության մի զգալի մաս հանուն Նիկոլի (հանուն պաշտոնի, նյութական շահի) կարող է ուրանալ ամեն ինչ, անել ամեն այլանդակություն, նվաստանալ, ինքնաոչնչացվել։
Մի օր պիտի հասկանանք՝ որտե՞ղ, ինչպե՞ս ձևավորվեց այդ շերտը՝ պատվերով Արցախն ատող, պատվերով Արարատ լեռ ուրացող, պատվերով սեփական հիշողությունը ջնջող, պատվերով արքեպիսկոպոս կալանավորող, պատվերով Վեհափառին վիրավորող։
Հասկանալի է, որ սա հայ ժողովրդի էնդեմիկ առանձնահատկությունը չէ։ Նույնը կարող է կատարվել բոլոր բարձիթողի հասարակություններում, որտեղ պետությունը չի ձևակերպել իր նպատակներն ու չի աշխատել այդ նպատակներին համապատասխան հասարակության ձևավորման ուղղությամբ։ Այդ ժամանակ կհայտնվեն ավելի լուրջ պետություններ, որոնք ձևակերպել են սեփական շահը, ու «կշտկեն» հարևան երկրի հասարակության այդ բացը։
Պետության նպատակներին համարժեք ու դրանց կայացմանը նպաստող հասարակության ձևավորումը պետության կարևորագույն խնդիրն է։ Այսօր Հայաստանում կատարվում է ուղիղ հակառակը. հստակ քայլերով ձևավորվում է պետության ոչնչացմանը ծառայող հասարակական մոդել։
Մենք պիտի անպայման ունենանք այդ քննարկումը՝ մեր անցած երեսնամյա ճանապարհի մասին։ Ու այդ հարցի խիզախ քննարկման և խիզախ, ազնիվ պատասխանի դեպքում գուցե գանք Վեհափառի բարձրացրած հարցի պատասխանը. ո՞նց կարող էր նման բան տեղի ունենալ։ Եվ ի՞նչ անել, որ նոր ողբերգության ընթացքը կասեցվի։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյան