Արմեն Հովասափյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Շարունակելով 2008–2018 թվականների Սերժ Սարգսյանի կառավարման արտաքին քաղաքական ձեռքբերումների վերլուծությունը, կարևոր է առանձնացնել Հայաստան–Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունների զարգացումն ու դրա խորքային նշանակությունը։ Հատկանշական է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու որոշման համատեքստում, Հայաստանը չփակեց եվրոպական ուղղության դուռը, այլ հայտարարեց «և՛… և՛»-ի քաղաքականության որդեգրման մասին՝ ցույց տալով, որ ոչ միայն հրաժարվում է «կամ-կամ»-ի թելադրանքով առաջնորդվելուց, այլև պատրաստ է պահպանել ու զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս մոտեցումը փաստացի հերքեց այն տարածված կարծիքը, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշումն ամբողջովին Ռուսաստանի ճնշման արդյունք էր։
Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումը սկզբնավորվել է դեռևս անկախության առաջին տարիներից։ 1996թ. ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (ուժի մեջ՝ 1999-ից) ձևավորեց բազմաբնույթ համագործակցության իրավական հիմքը։ Հետագայում Հայաստանը ներգրավվեց Եվրոպական հարևանության քաղաքականություն ծրագրում (2004), ապա՝ Արևելյան գործընկերությունում (2009)։ Այս ձևաչափերը հնարավորություն տվեցին խորացնել երկկողմ շփումները, իսկ 2012–2013 թթ. ստորագրվեցին վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը, որոնք առավել հստակ և տեսանելի դարձրին ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպայի հետ կապի հարթեցման գործընթացը։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԵՄ–ՀՀ հարաբերությունների նոր որակի քայլ էր 2015 թվականին մեկնարկած բանակցությունների արդյունքում 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը փաստացի վերակազմավորեց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը՝ արդեն հարմարեցված Հայաստանի նոր արտաքին քաղաքական դիրքավորմանը։ Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական թիմն այս բանակցություններում դրսևորեց հստակ դիվանագիտական հաշվարկ, խոր միջազգային իրավական պատրաստվածություն և միաժամանակ՝ արտաքին ճնշումների դիմակայելու կարողություն։ Դա հնարավոր դարձավ ՀՀ ինքնիշխան շահերն առաջնային պահելով և ապացուցելով, որ անգամ բարդ ռազմավարական միջավայրում կարելի է հաջողությամբ հավասարակշռել տարբեր բևեռների հետ հարաբերությունները։
Համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկը 2018 թվականի հունիսի 1-ին վկայում է ոչ միայն եվրոպական կառույցների վստահության մասին, այլև հայկական կողմի՝ բարեփոխումներին գնալու պատրաստակամության։ CEPA-ի առանցքում գտնվող արժեքները՝ օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, դատական անկախություն, տնտեսական ազատ մրցակցություն, մարդու իրավունքների պաշտպանություն ու խոսքի ազատություն, ցույց են տալիս, որ այս փաստաթուղթը ձևական բնույթ չուներ։ Այն ներկայացնում էր Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհային քարտեզը՝ հիմնված եվրոպական չափանիշների վրա։
Իր այս քայլով նախագահ Սարգսյանը ոչ միայն չհրաժարվեց ԵՄ-ի հետ մերձեցման գծից, այլ նաև վերածեց այն պետական ռազմավարության՝ խուսանավելով համաշխարհային բևեռների միջև առճակատման տրամաբանությունից։ Նա ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունն ունի բավարար քաղաքական կամք և դիվանագիտական հեռատեսություն՝ միաժամանակ և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի ուղղություններով աշխատելու համար՝ պաշտպանելով երկրի ներքին զարգացումը, արտաքին անվտանգությունը և ինստիտուցիոնալ կայունությունը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, չնայած CEPA-ի նախանշած ինստիտուցիոնալ բարեփոխումների լայն շրջանակին, փաստացիորեն որևէ էական առաջընթաց չի գրանցվել դրա իրականացման ուղղությամբ. հակառակը՝ նոր իշխանությունները թաղեցին CEPA-ի դրույթները՝ փոխարենը առաջ մղելով ԵՄ հետ հարաբերությունների մի կեղծ օրակարգ, որը ձևական «խաղաղության» և «դեմոկրատիայի» մասին խոստումներով զուրկ է իրական բարեփոխումներից ու մերձեցումից՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը վերածելով հարմար պահի քարոզչական գործիքի։
Ամփոփելով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև CEPA-ի ստորագրումը ոչ միայն դիվանագիտական ձեռքբերում էր, այլև ռազմավարական ուղենիշ՝ ՀՀ պետականության ամրապնդման համար։ Սա վկայում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին արտաքին քաղաքականությունը ոչ միայն արձագանքում էր աշխարհաքաղաքական մարտահրավերներին, այլ նաև կարողանում էր կառուցել բարդ հավասարակշռություններ՝ առանց կորցնելու ինքնիշխան որոշումների կայացման ճկունությունը։