Սահմանադրական դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական չի համարել, ՍԴ-ն երկու կարգավորում մեկնաբանել է և, ըստ էության, իրավակիրարկման պրակտիկային հուշել է հետևյալը՝ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվեն այն մեկնաբանությամբ, որը տվել է ՍԴ-ն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ ՍԴ-ն հրապարակել է միայն եզրափակիչ մասը.«Ամբողջական տեքստը, երբ հասանելի կլինի, նոր հնարավոր կլինի հիմնավորումներով խոսել։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակներում, ՍԴ-ն չի նեղացրել գույքի շրջանակը, ՍԴ-ն այդ հնարավորությունը չունի։ ՍԴ-ն մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը։ Գույքն ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի, եթե այդ ծագումն առկա է և այն փոխկապակցված է անձի կողմից, որն անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը»։