«Ես Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ասել եմ, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, այն կարծիքին եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես դա ասում եմ, չի կարող լինել, որ նոր Սահմանադրության մեջ հղում պետք է լինի Անկախության հռչակագրին», լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ ավելացրեց․
«Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որ որոշողը ՀՀ ժողովուրդն է: Իհարկե, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է: Սահմանադրությունը փոփոխելու հարցը մեզ համար օրակարգային է եղել հեղափոխությունից անմիջապես հետո, դեռ 2020 թվականի փետրվարին ես անդրադարձել եմ, որ նման խնդիր կա»։
Հարցին՝ արդյո՞ք Սահմանադրությունում Անկախության հռչակագրի տեքստի պահպանումը կխանգարի խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանը պատասխանեց.
«Դրանք պետք է իրարից տարբերենք։ Իրական Հայաստանի տեսլականը ես հիմա տարբեր մարզերում ներկայացնում եմ, ես այդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում և հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ կարծում եմ՝ ՀՀ-ում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի: Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, հետևյալն է՝ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք և ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում: Միշտ հարց եմ տվել, թե որն է պատճառը: Իսկ պատճառը սա է՝ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ ձայներ չեն ստացել: Այլ կերպ ասած՝ բոլոր արդյունքները մանիպուլացվել ու կեղծվել են»։
Իսկ Սահմանադրության ժամկետների մասով Փաշինյանը որևէ բան չասաց: