Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նեղվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պարտությունների ժամանակ մեղադրում են ՀՖՖ-ին։
«Երբ հավաքականը 2020 թվականին պատմության մեջ առաջին անգամ որևէ մրցաշարում հաղթեց, այն ժամանակ արժանիորեն մեծարվեց հավաքականի մարզիչ Կապարոսը, բայց ֆեդերացիան անտեսվեց։ Մեզ համար դա խնդիրր չէ, բայց, սովորաբար, երբ հակառակն է լինում ու հավաքականը անհաջողություններ է ունենում, ֆեդերացիան միշտ մեղավոր է»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց նա։
Ըստ Մելիքբեկյանի՝ իրենք հասկանում են, որ վերջին խաղերում հավաքականի պարտությունները շատ ծանր պարտություններ են ու շատ ծանր են տանում։
Նա կարծում է, թե ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրված արշավ է գնում:
«Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու իմ գործունեության հետ: Դրանք կրում են պատվիրված բնույթ: Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին: Իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում իրենց ամենաստոր նպատակներից: Օգտագործվում է մեծ մեդիա ռեսուրս, որն, ընդհանուր առմամբ, թյուրըմբռնում է առաջացնում»,- հայտարարեց նա։