00:00:00

Մինասյանը նախկին քաղաքապետի քրոջը պաշտոնի է նշանակել, ՔՊ–ականներին ասելով՝ ընկերոջս քույրն է

20:30, 29 հունվար 2025 Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանը, ով այդ պաշտոնում նշանակվելուց հետո ՔՊ–ին անդամակցելու դիմումը գրպանը դրած հանդիպեց Նիկոլ Փաշինյանին ու «դուխով» մտավ քաղաքապետարան, հիմա ակտիվորեն պատրաստվում է մարտին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին։ Irakanum.am–ի աղբյուրների փոխանցմամբ Մինասյան Սարիկը գիտակցելով, որ չնայած փրայմերիզի արդյունքներով ինքն հաղթել է ՔՊ–ականներին, բայց նույն այդ կուսակցությանն անդամակցելով որեւէ շանս չունի այս ընտրություններում, հետևաբար որոշել է «շուստրիություն» անել։ Մեզ ասացին, որ Մինասյանը ակտիվորեն շփվում է Գյումրին մեկ ամսից ավելի «անտեր» թողած ու մինչ այժմ որեւէ հոդաբաշխ բացատրություն չտված նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ։ Ավելին Սարիկ Մինասյանը Վարդգես Սամսոնյանի քրոջը ՝ Հասմիկ Սամսոնյանին Գյումրու քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել, նշանակելով կառույցի բաժնի պետերից մեկի ժամանակավոր պաշտոնակատարը։

Այս հանգամանքն առաջացրել է տեղի ՔՊ–ականների դժգոհությունը, որին ի պատասխան Մինասյանն Սարիկ ասել է, թե Հասմիկ Սամսոնյանն իր ընկերոջ քույրն է, բացի այդ Վարդգես Սամսոնյանն էլ առաջիկա արտահերթ ընտրություններում իրեն օգնելու է։ Մենք տեղեկացանք, որ այդ հարցը քննարկվել է օրեր առաջ ՔՊ–ականների մասնակցությամբ ճաշկերույթի ժամանակ, որին ներկա են եղել Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, պատգամավորներ Էմմա Պալյանն ու Կարեն Սարուխանյանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, որին ևս Մինասյանը աշխատանքի է ընդունել քաղաքապետարանում և Երևանից թիմակիցների հետ հաց ուտելու համար Գյումրի հասած վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, օրեր առաջ քաղաքապետարանում պաշտոնի նշանակված Քնարիկ Հարությունյանն ու Արթուր Պապիկյանը։

Irakanum.am–ի հետ զրույցում, սակայն պատգամավոր Էմմա Պալյանն ասաց, թե չունի որեւէ տեղեկություն այն մասին, որ Վարդգես Սամսոնյանի քույրը պաշտոնի է նշանակվել Գյումրու քաղաքապետարանում։ «Սեղանի շուրջ նման հարց ընդհանրապես չի քննարկվել։ Մենք հաճախակի ենք հանդիպում, գիտեք առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են և մեր օրակարագում թիվ մեկ հարցն այդ ընտրություններն են և մենք տարատեսակ հարցեր ենք քննարկում։ Իսկ ձեր նշած անձի վերաբերյալ կարող եմ ասել, որ չգիտեմ ում մասին է խոսքը, առաջինը ձեզանից եմ իմանում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Գյումրին փոքր քաղաք է ու այստեղ պետք չի նայել, թե ով ում քույրն է, և այլն։ Եթե տվյալ անձը աշխատանքի մեջ որակյալ ընդունակություններ ունեցող կադր է, և ի շահ մեր քաղաքի պետք է աշխատի այդ մարդը, բնավ կապ չունի, թե ում քույրն է, կամ՝ ազգականը»,– ասաց պատգամավորը, հավելելով, որ քաղաքին պետք են մարդիկ, ովքեր իրենց կարողություններով կնպաստեն Գյումրու զարգացմանը։ «Ես կրկնեմ, որ ձեզանից իմացա, բայց եթե պարոն Սարիկ Մինասյանը Վարդգես Սամսոնյանի քրոջն ընդունել է աշխատանքի, ապա դա չի նշանակում, որ ընդունել է այն պատճառով, որ վերջինս Վարդգես Սամսոնյանի քույրն է, այլ նրա համար, որ գիտելիքները, կարողությունները համապատասխանում են տվյալ աշխատանքին։ Ես չգիտեմ որքանով է այդ տեղեկությունը ճիշտ, նորից եմ կրկնում ձեզանից եմ լսում առաջին անգամ, բայց եթե ընդունել է, ապա միայն կարողությունները հաշվի առնելով»,– եզրափակեց գյումրեցի պատգամավորը։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28