00:00:00

Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

20:05, 29 հունվար 2025 Տեսանյութեր

 

 

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Նստաշրջանում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարգելի՛ տիկին Լուզ,

Շնորհակալություն կարևոր զեկույցի համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայում պատմության ուսուցման դիտակետային կենտրոնի 4-րդ ամենամյա համաժողովի կազմակերպման համար և վերահաստատել Հայաստանի աջակցությունը Դիտակետի առաքելությանը:

Եվրոպայում և իր սահմաններից անդին ճգնաժամային ժամանակներ են` մարտահրավերներ, որոնք հիշեցնում են պատմության մութ շրջանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության և կայունության խթանման նպատակով ձևավորված աշխարհակարգը և միջազգային կառույցները լուրջ ճնշման տակ են, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա և դրա սահմաններից դուրս` խարխլելով անվտանգության և համագործակցության հիմքերը:

Մենք ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին` զարգացումներ, որոնք սպառնում են մեր ընդհանուր արժեքներին, որոնք պաշտպանում են խաղաղությունը մեր հասարակություններում: Այս ճգնաժամին ավելանում են ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածումը, որոնք հաճախ խթանվում են պատմության շահարկմամբ` քաղաքական նպատակների համար:

Հայաստանը խորապես գիտակցում է այս մարտահրավերները: Մեր անվտանգության մտահոգություններից բացի, մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության և մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերին: Պատմության շահագործումն ապակառուցողական օրակարգեր առաջ մղելու համար սպառնալիք է այն խաղաղ համակեցությանը, որին բոլորս ձգտում ենք:

Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը` հարևան երկրների դեմ տարածքային հավակնություններն արդարացնելու նպատակով: Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության և փոխըմբռնման հիմք` հարթելով հաշտեցման ճանապարհը, այլ ոչ թե որպես գործիք` բաժանարար և մոլորեցնող օրակարգեր առաջ տանելու համար:

Մեկ այլ լուրջ խնդիր, որի մասին ցանկանում եմ խոսել, պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումն է, որը խթանում է ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը: Երբ կրթական ռեսուրսները շահագործվում են կանխակալ պատմություններ ձևավորելու համար, դրանք խարխլում են խաղաղությունը և ամրապնդում վնասակար կարծրատիպերը:

Կենսականորեն կարևոր է, որ մենք դիմագրավենք այս վտանգավոր միտումը` խթանելով ճշգրիտ, հավասարակշռված պատմության ուսուցանումը, որն աջակցում է բազմազանությունը և մերժում ատելության ու խտրականության բոլոր ձևերը` կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ դրդված հակամարտությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Այս մարտահրավերների բացահայտումն ընդամենը սկիզբն է. մեր պատասխանատվությունն այժմ միասին լուծումներ գտնելն է: Խաղաղության մշակույթ կառուցելը սկսվում է նորարարական, քաղաքացիակենտրոն կրթությամբ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ պատմությանը, այլ ոչ թե անխոս ընդունել այն: Սա պահանջում է շարունակական ջանքեր և համագործակցություն` կրթական համակարգեր մշակելու համար, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և «Միասին ապրելու» գաղափարը: Հայաստանը հավատարիմ է այս առաքելությանը և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը բերում են առաջնագիծ»,- նշել է պատգամավորը:

 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28