Ռուսաստանցիները մտադիր են ռազմական տեխնիկայի մի մասը, որը ներկայումս մնում է Սիրիայում, տեղափոխել աֆրիկյան Լիբիա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Հաղորդվում է, որ սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Բազայի տարածքում են գտնվում, մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող «աֆրիկյան կորպուսի» վարձկանները։
Նախատեսվում է, որ հունվարի 5-ին սիրիական նավահանգիստ կժամանեն ռուսաստանյան խոշոր դեսանտային «Իվան Գրեն» և «Ալեքսանդր Օտրակովսկի» նավերը, ինչպես նաև «Սպարտա» չորաբեռ նավը. դրանք այժմ Միջերկրական ծովում են՝ դեպի Տարտուս ճանապարհին։
«Օտրակովսկի» նավում է գտնվում ՌԴ ՌԾՈւ դեսանտային նավերի 121-րդ բրիգադի շտաբի պետ, 1-ին կարգի կապիտան Յուրի Դավիթյանը։
Հունվարի 8-ին Տարտուս պետք է ժամանի ևս երկու ռուսաստանյան նավ՝ ՝ ունիվերսալ բեռնատար Sparta II նավը և «Իվան Սկոբելև» լցանավը, որոնք այժմ հատում են Ջիբրալթարի նեղուցը։
Ռուսաստանցիները մտադիր են Sparta և Sparta II բեռնատար նավերն օգտագործել Սիրիայից Լիբիա ռազմական տեխնիկան և զենքը տեղափոխելու համար։
Ռուսաստանյան մեկ այլ ռազմանավ՝ «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, այժմ լիցքավորվում է: Միաժամանակ Ռուսաստանում՝ Վլադիմիրի շրջանի օդանավակայաններից մեկում, բեռնաթափվել են զրահափոխադրիչներ, որոնք հավանաբար դուրս են բերվել Սիրիայից։