ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացիներից մեկը նրան հարցրել է․ «Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ «ֆինտի» տակ մնաց։ Համամի՞տ եք»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Միանշանակ։ Ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը։ Դրա մասին արդեն շատ է խոսվել։ Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022 թվականի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լևւոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։
Մի բան հավելեմ ընդամենը․ Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաև միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետևանքով ստացավ շատ ավելի հուժկու եւ շառաչյուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։
Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասով։
Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»։