«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը։
Մասնավորապես, ստեղծված է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կառույցը, որը հավակնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին, նրա անդամներ են նաև Միլլի Մեջլիսի մի շարք պատգամավորներ: Նրանք ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր ֆորումների, ակտիվորեն քարոզում իրենց «վերադարձի իրավունքը»:
Դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի նստաշրջանում նրանք Հայաստանին արդեն մեղադրել են էթնիկ ադրբեջանցիների դեմ ռասայական խտրականության համար:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է նրանց առաջին օտարերկրյա գրասենյակը` Թուրքիայում ապրող «արևմտյան ադրբեջանցիներին» միավորելու նպատակով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ամբողջ ադրբեջանական պետական մեքենան հիմա միացել է այդ քարոզին»: