📢 Դեկտեմբերի 10-ին` «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավի վերջին և Մարդու իրավունքների միջազգային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։
✅ Բացման խոսքի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակը և կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից իրականացվող քայլերը։
✅ Ըստ Պաշտպանի՝ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր են իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարումը:
🔺«Այս խորհրդանշական օրը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով բռնությունը, ընտանեկան բռնությունը, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: Ընդ որում՝ խոսքը բռնության բոլոր տեսակների, այլ ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է»,- ասել է Պաշտպանը:🔻
✅ Անահիտ Մանասյանը, ոլորտի խնդիրները լուծելու տեսանկյունից, ընդգծել է մարդու իրավունքների կրթության բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ ճանապարհով առկա կարծրատիպերի հաղթահարումը՝ կարևորելով նաև ուսանողների դերը, ովքեր խնդիրները հաղթահարելու մեծ ներուժ ունեն:
✅ Հենց այս նպատակով էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ազդարարել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները։ (https://ombuds.am/am/site/ViewNews/3200)
✅ Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը,
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
✅ Նիստի ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու դրանց պաշտպանության համատեքստում կրթության դերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։
✅ Տեղի է ունեցել նաև հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանի, խորհրդի անդամների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կանանց նկատմամբ բռնության ու ընտանիքում բռնության դեմ պայքարի, գենդերային բռնության կանխարգելման հարցում կրթության դերի թեմաներով: Վերջիններս ներկայացրել են իրենց փորձն ու մոտեցումները:
✅ Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ միայն համատեղ աշխատանքի միջոցով է հնարավոր հասնել դրական արդյունքի։
📌 Միջոցառումը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։