00:00:00

ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների I փուլի հայտագրման գործընթացը

11:09, 10 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր պետք է դիմեր իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր