Արարատի մարզում 41-ամյա տղամարդը ծեծել է ծնողներին՝ հոսանքի երկարացման լարի վնասման պատճառով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ՝ 2024թ․ հոկտեմբերի 6-ին, առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տան բակում։
Տղամարդը վիճել է մոր հետ՝ հոսանքի երկարացման լարը վնասելու հարցի շուրջ, ինչի ընթացքում սկսել է հարվածներ հասցնել մորը՝ հենց հոսանքի երկարացման լարի վրա առկա եռաբաշխիչով։ Երբ դեպքին ականատես է եղել տղամարդու հայրը և փորձել է միջամտել՝ թույլ չտալով, որ որդին ծեծի մորը, որդին նույն եռաբաշխիչով երկու անգամ հարվածել է նաև հորը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Գործը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարությում է։