Սերիա Ա-ի 2024/25թթ․ խաղարկության 11-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Վենեցիային»։ «Ներաձուրիները» հաղթել են մրցակցին նվազագույն հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Հնարավորությունները չօգտագործելով ինքներս մեզ բարդ իրավիճակի մեջ գցեցինք։ Կարող էինք ժամանակից շուտ լուծել խաղի ելքը։ Այս հարցում պետք է շտկումներ անենք։ Հասկանում էինք, որ կարող ենք ավելի մեծ հաշվի տարբերությամբ հաղթել և շատ ենք աշխատում՝ լավ արդյունք ցույց տալու համար։ Վստահ ենք առաջիկա խաղերի վրա, ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով։
«Ինտերի» կազմում հանդես գալն ինձ համար իրոք յուրահատուկ զգացողություն է պարգևում, այստեղ ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Թիմակիցներս ինձ շատ են օգնում, և ես այստեղ եմ՝ թիմին օգտակար լինելու համար։
Հիմա պետք է մտածենք «Արսենալի» խաղի մասին, որից հետո շատ հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում ենք ունենալու արդեն «Նապոլիի» հետ»,- հայ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը կարողացել էր գրավել մրցակցի դարպասը, սակայն խաղի մրցավար Մարիա Սոլեն VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո խաղից դուրս վիճակ էր արձանագրել։