Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են Գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:
Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանի ելույթը Քյարամյանն անպատասխան չէր թողել։