ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Արցախը և Արցախյան հաղթանակները ուրացած ՔՊ-ական Սասուն Միքայելյանին.
«Սասուն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։
«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։
Երևի այդպիսին է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։
Նախկին Հանրապետական, իսկ այսօր արդեն կարկառուն քպ-ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ, թե «Անկախ Հայաստան չի եղել», իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան-թալան է եղել»։
Ամեն ինչ հերթով…
Ակնհայտ փաստ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։ Միայն դաշնակից Ռուսաստանից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված` «Իսկանդերը», որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրյա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։
2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված տվեց ադրբեջանցիներին, որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։
Թշնամին չկարողացավ գրավել որևէ բնակավայր, կրկնում եմ ՝որևէ բնակավայր։
Ապրիլյանից հետո Ալիևը նշեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
Սասուն, այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։
Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչև ատամները զինված հակառակորդին։
Բայց հաղթեց, ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի օրակարգերը։
Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով:
2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը, որը դու՝ Սասուն, անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարևոր»։ Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։
Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։
Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը, որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։
Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։
Ամոթ է, գոնե լռի՛ր։
Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…
Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց, որպեսզի մենք պարտվենք։
Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։
Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիևն էր զարմացել, թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։
Ասեմ որտեղից… այդ զենքը նախկին իշխանություններն էին բերել, բայց հայրենիքը պաշտպանելու, այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։
Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել, ֆորպոստ է եղել»։
Դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել, թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստը» ստեղծել։
Հիմա՞ է անկախ, որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։
Բա որ անկախության համար մտածո՞ղ ես, ինչո՞ւ չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։
Ինչո՞ւ ծպտուն չես հանում, երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։
Բա խոսիր, պահանջիր։ Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա։
1990-ականների, Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել, որը քո շեֆը՝ Նիկոլը, ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Քանի որ կարծես թե քո համար այլևս հեղինակություն են դառնում արևմտյան պաշտոնյաները, նշեմ, որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։
Հազար տարի էլ անցնի, փաստը հետևյալն է. Արցախի հանձնումն էլ, Սպարապետի նպատակների փոշիացումն էլ, բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է»: